Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփն հայտարարել է, որ Հունաստանի վերջին տարիների գործողությունները սպառնալիք են դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար։
«Վերջին շրջանի Հունաստանի սադրանքներն ու ագրեսիվ հայտարարությունները սպառնալիք են դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար»,- Շենթոփի խոսքերը մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը։
Խոսնակն ընդգծել է, որ Անկարան չի կարող թույլ տալ Աթենքին շարունակել թուրքական ափերի մոտ գտնվող կղզիների ռազմականացումը։
«Թուրքիան կողմ է դիվանագիտությանն ու համագործակցությանը, բանակցային գործընթացին։ Իսկ Հունաստանը մարտահրավեր է նետում բարիդրացիությանը եւ բաց երկխոսությանը: Անկարան Էգեյան ծովը «հունական լճի» վերածելու Հունաստանի ցանկությունն անընդունելի է համարում, ընդգծել է նա։
Շենթոփն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի օդային տարածքի խախտումների եւ թուրքական ինքնաթիռների դեմ սադրանքների վրա։ Բանախոսն ընդգծել է, որ «անհրաժեշտության դեպքում Անկարան ի վիճակի է լուծել բոլոր հարցերը եւ արձագանքել ցանկացած մարտահրավերի»։




























