Ճապոնիայի իշխանությունները չկարողացան հստակ պատասխան տալ ընդդիմության պնդումներին՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության անցկացման նպատակահարմարության հետ կապված, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 27-ին, հայտարարել է Սահմանադրական դեմոկրատական կուսակցության ղեկավար Կենտա Իզումին։ Նրա խոսքով՝ այդպիսի պայմաններում քաղաքական ուժի ղեկավարությունը որոշել է բոյկոտել արարողությունը։
«Պետական հուղարկավորության հիմնավորվածության վերաբերյալ մեր հարցերին կառավարությունից գրավոր պատասխան ենք ստացել։ Բայց դա զրոյական պատասխան է՝ արդեն ասվածի կրկնությունը։ Այդպիսի պայմաններում մեր կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացրել չմասնակցել հուղարկավորությանը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Ճապոնիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության ղեկավարի խոսքերը։
Ինչպես նշվում է, Աբեի հուղարկավորության բոյկոտին աջակցել են նաեւ ճապոնացի կոմունիստներն ու սոցիալ-դեմոկրատները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել երկրի ղեկավարությանը բացատրել, թե ինչու է արարողությունը վճարվում բյուջեից եւ զինվորականների ներգրավմամբ։ Ավելին, իշխանությունների հակառակորդները պահանջում էին բացատրել, թե ինչպես է սահմանվել հուղարկավորության կազմակերպման համար հատկացված գումարը։





























