Հնդկաստանում դալիթների կաստայից երկու աղջիկների են բռնաբարել ու սպանել։ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ծառից կախված երկու քույր են գտել, հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ընտանիքը հայտնել է, որ աղջիկներն առեւանգվել եւ բռնաբարվել են: Բռնաբարության եւ սպանության մեղադրանքով 6 տղամարդ է ձերբակալվել։

Աղջիկները, որոնց 18 տարին դեռ չէր լրացել, պատկանում էին դալիթ կաստային, որը գտնվում է խորապես խտրական հինդուական հիերարխիայի ամենաներքեւում:

Չնայած սահմանադրական պաշտպանությանը, դալիթների համայնքը պարբերաբար բախվում է նախապաշարմունքների եւ բռնությունների․ 2020 թվականի դեպքը, որը վերաբերում էր Ուտար Պրադեշի Հաթրաս թաղամասում 19-ամյա դալիթ աղջկա խմբակային բռնաբարությանը եւ սպանությանը, հանրային դժգոհություն էր առաջացրել՝ ընդգծելով, թե որքան խոցելի են այդ կաստայի կանայք:

Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկները ճանաչել են մեղադրյալին, սակայն ընտանիքը հերքել է դա եւ պնդել, որ նրանց առեւանգել են: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ աղջիկների մայրն ասել է, թե նրանց տարել են մոտոցիկլետներով տղամարդիկ: Նա ասել է, որ իր վրա հարձակվել են, երբ փորձել է կանգնեցնել նրանց: Ընտանիքն ասել է, որ սկսել են փնտրել աղջիկներին եւ ի վերջո գտել նրանց ծառից կախված: