Չիլիի Պատագոնիայի ազգային պարկում ջերմաստիճանի բարձրացումն ու անձրեւները, որոնք թուլացրել են սառցե պատերը, հանգեցրել են նրան, որ սառցադաշտի մի մասը պոկվել է, հաղորդում է Reuters-ը:
Սառցադաշտը, որը գտնվում է մոտ 200 մետր բարձրությամբ լեռան գագաթին, դղրդյունով պոկվել է Կելաթ ազգային պարկում։
Սառցե բլոկների միջեւ ճաքերը նորմալ են, ասում է Սանտյագոյի համալսարանի կլիմայագետ Ռաուլ Կորդերոն, բայց նաեւ նշում է, որ այս իրադարձությունների հաճախականությունը մտահոգիչ է: «Որովհետեւ այս տեսակի իրադարձությունները պայմանավորված են ջերմային ալիքներով կամ ինտենսիվ հեղուկ տեղումներով, եւ այս երկու իրադարձություններն էլ ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում ամբողջ մոլորակի վրա, ոչ միայն Չիլիում»,- ասել է Կորդերոն:
Նախքան փլուզումը Պատագոնիայի այդ տարածքում ջերմային ալիք է եղել՝ «շատ անոմալ» ջերմաստիճաններով, ասել է Կորդերոն։
«Գլոբալ տաքացման հետեւանքներից մեկն այն է, որ այն ապակայունացնում է մի քանի սառցադաշտեր եւ, մասնավորապես, սառցադաշտերի որոշ անկայուն պատեր»,- ասել է Կորդերոն:
Գիտնականներն ասում են, որ տաքացման կտրուկ բռնկումները կապված են կլիմայի մարդածին փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների հետ: ՄԱԿ-ի կլիմայագետների խումբը այս տարվա սկզբին ասել է, որ կառավարությունները պետք է կտրուկ կրճատեն հանածո վառելիքի արտանետումները՝ տաքացումը զսպելու եւ կլիմայի ազդեցությունը սահմանափակելու համար:





























