Երեւանի դպրոցներում եւ մանկապարտեզներում պարապմունքները սկսվելու են ժամը 8.30-ին, բուհերում` 9.30-ին: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը` տեղեկացնելով, որ  Երեւանում տրանսպորտի բեռնաթափման նպատակով Երեւանի քաղաքապետի կողմից համապատասխան առաջարկ է եղել ԿԳ նախարարությանը եւ համատեղ քննարկման արդյունքում նման որոշում են կայացրել: Միեւնույն ժամանակ, Գայանե Սողոմոնյանի խոսքով,  այն, որ մանկապարտեզներում պարապմունքները սկսվելու են ժամը 8.30-ից  եւ ավարտվելու ժամը 17.00-ին, չի ենթադրում, որ երեխան, եթե ժամը 8.35-ին եկավ մանկապարտեզ, դուռը պետք է փակ լինի: Նրա խոսքով` երեխաները կարող են մինչեւ ժամը 10.30-ը գալ մանկապարտեզ` ըստ անհրաժեշտության, ոչ թե ըստ քմահաճույքի, բայց դրա մասին տեղեկացված պետք է լինեն նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը եւ հանրակրթության վարչությունը: «Մայիսին իրականացվեց  փորձնական ծրագիր եւ մենք հաջողեցինք, սկզբում եղան նաեւ դժգոհություն, բազմաթիվ հանդիպումներ ծնողների հետ եւ աստիճանաբար բողոքի ալիքը մեղմանում է, այսօր արդեն հարթվել են այդ խնդիրները»,- ասաց Գայանե Սողոմոնյանը: Մանկապարտեզի աշխատողների համար աշխատանքը սկսվում է ժամը 8.00:

Գայանե Սողոմոնյանի տեղեկացմամբ` մայրաքաղաքի 160 մանկապարտեզներից 32 մանկապարտեզներում ծնողների դիմումների արդյունքում ստեղծվել են  երկարօրյան խմբեր, որտեղ մինչեւ ժամը 19-ը երեխաները մնալու են: «Եթե նման դեպքեր կլինեն, պատրաստ են դիմումները քննարկել եւ գալ ընդհանուր հայտարարի»,- նշեց նա: Անդրադառնալով դպրոցներում համազգեստի խնդրին` Գայանե Սողոմոնյանը նշեց, որ քաղաքապետարանը նման բան չի պարտադրում եւ, աշակերտի ծնողը ինքն է որոշում` իր երեխան ինչ համազգեստով գա դպրոց, եթե դա չափի սահմաններում է. «Մենք չենք պարտադրում կրել միանման համազգեստ, սակայն սպիտակ-սեւ համազգեստը նաեւ հաճելի է աչքին, ոչ թե ծայրահեղ ազատ հագուստ: Դպրոցում պետք է լինի միջին մակարդակի կոկիկ եւ աշակերտին վայել համազգեստ, պարտադրանք չկա»,- ասաց նա: Ի դեպ, մայրաքաղաքի բոլոր դպրոցները աշխատելու են հնգօրյա ռեժիմով: Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Երեւանի 164 դպրոցները կբացեն իրենց դռները աշակերտների առաջ, իսկ երեխաների  ընդունելությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի 5-ը, որից հետո պարզ կլինի առաջին դասարանցիների քանակը:

Ինչ վերաբերում է բուհերին, ապա ԿԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ բուհերում երկրորդ հերթափոխը դասերը սկսվելու են կես ժամ ուշացումով` պայմանավորված դասերի ժամը 9.30-ին սկսելու հետ: