Բրիտանական մանրածախ առեւտուրն օգոստոսին շատ ավելի է նվազել, քան սպասվում էր, ինչը եւս մեկ նշան է այն բանի, որ տնտեսությունը գլորվում է ռեցեսիայի գիրկը, քանի որ կյանքի արժեքի ճգնաժամը կրճատում է տնային տնտեսությունների եկամուտները։
Ազգային վիճակագրության վարչության տվյալներով՝ մանրածախ առեւտրի ծավալներն օգոստոսին մեկ ամսվա կտրվածքով ընկել են 1,6 տոկոսով, ինչն ամենաբարձր անկումն է 2021թ. դեկտեմբերից եւ ավելի վատ է, քան Reuters-ի տնտեսագետների հարցման բոլոր կանխատեսումները, որոնք նշում են 0,5 տոկոս անկման մասին։
Այդ տվյալները, հավանաբար, կուժեղացնեն մտավախությունները բրիտանական տնտեսությունում պահանջարկի ուժի հետ կապված։ Ֆունտն էլ ավելի է իջել դոլարի համեմատ։
Մանրածախ առեւտրի բոլորի հիմնական հատվածները՝ պարենային խանութներ, ոչ պարենային խանութներ, ոչ խանութների մանրածախ առեւտուր եւ վառելիք, մեկ ամսում իջել են 2021թ. հուլիսից հետո առաջին անգամ։
Եղիսաբեթ թագուհու մահվան հետ կապված սգո արարողությունների շրջանը եւս մեկ խնդիր է ռիթեյլերների համար, քանի որ երկուշաբթի թագուհու հուղարկավորության հետ կապված պետք է փակվեն ձեռնարկությունները։
Մռայլ մթնոլորտը Մեծ Բրիտանիայում այս շաբաթ եւ նորությունները դանդաղ տնտեսական աճի մասին կխորացնեն անհանգստության զգացողությունը ռիթեյլերների շրջանում, քանի որ եղանակը ցրտում է։
Չնայած անցած ամիս գնաճն իջել էր 10 տոկոսից ցածր, տնային տնտեսությունները դեռեւս պայքարում են 1980-ականներից ի վեր գների ամենամեծ բարձրացման դեմ։




























