Շիրակի մարզի գյուղական համայնքների դպրոցներում աշակերտի թվի պակաս կա: Նվազել է ոչ միայն առաջին դասարանցիների թիվը , այլ առհասարակ դրոցահասակ երեխաներն են դպրոցից հեռացել: Օրինակ Ախուրյանի երկրորդ դպրոցում այս տարի15 աշակերտ գնացել է դպրոցից, եւս 10-ի փաստաթղթերը պատրաստվում են վերցնել:

«Այսպիսի բան չէր եղել, աննախադեպ է: 25 հոգի միանգամից, դա մի դասարան է , պատկերացնո՞ւմ եք: Արտագաղթել են կամ քաղաք են գնում, չգիտեմ` Գյումրի, Երեւան, կամ Հայաստանից դուրս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի 2-րդ դպրոցի տնօրեն Նաիրա Մուշեղյանը: Ըստ նրա՝ ստիպված են դասարանները կիսելու, որ նոր դասարաններ բացվեն ու աշխատատեղեր ստեղծվեն:

Նույն վիճակն է Կապսի դպրոցում: «Եթե նման հոսքը շարունակվի նաեւ հաջորդ տարիներին, դասարանների մասնագետների կոմպլեկտավորման  եւ կադրային նոր կրճատումների անհրաժեշտություն կառաջանա»,-հավաստել  է  Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնյա Գրիգորյանը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի վյկայությամբ՝վիճակը խիստ անհանգստացնող չէ, սակայն Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում կադրերի կրճատման հավանականություն կա: Կրթության վարչության պետի խոսով` այս  հարցում տնօրենները պետք է առաջնորդվեն կոնկրետ հանձնարարականներով, այն է պահպանել որակյալ, վերապատրաստում անցած, մրցույթով ուսուցիչ ընտրված կադրերին: