Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման եւ այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Երեւանում IX Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովում։
«Այս տարի մեր ամենամյա համաժողովը մթագնվեց ողբերգական ու սարսափելի իրադարձություններով, որ սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին։ Թույլ տվեք իմ անկեղծ եւ խորին ցավակցությունը հայտնել բոլոր այն ընտանիքներին, որոնք իրենց մերձավորների ծանր, անդառնալի կորուստներ են կրել։
Ապագայում դա կանխելու համար անհրաժեշտ է կատարել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին։
Տարածաշրջանում խաղաղության ճանապարհը հայտնի է։ Անհրաժեշտ է ապաշրջափակել տնտեսական եւ տրանսպորտային կապերը տարածաշրջանում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատում կատարել եւ խաղաղության պայմանագիր կնքել երկու երկրների միջեւ։ Ռուսաստանն ակտիվորեն օգնում է անցնել այս ճանապարհը։ Այս հակամարտության խաղաղ լուծումը ռազմական այլընտրանք չունի եւ չի էլ կարող ունենալ։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը միշտ հանդես է գալիս բանակցությունների եւ դիվանագիտության, ինչպես նաեւ մեր իսկապես եղբայրական ժողովուրդների միջեւ տնտեսական կապերի զարգացման միջոցով լուծում գտնելու օգտին։ Մեր փորձից մենք գիտենք, որ միայն ուժեղ տնտեսություն ունեցող երկրներն են ի վիճակի դիմակայել ցանկացած մարտահրավերի:
Վստահ ենք, որ մեր ղեկավարների եռակողմ համաձայնագրերով նախատեսված տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման եւ այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4,5-5 մլրդ դոլար ռուսական ներդրումների ներհոսքի համար։ Մենք հասկանում ենք, թե ինչ նախագծեր կարող են լինել դրանք, մենք վաղուց քննարկում ենք դրանք մեր բիզնեսի հետ։
Աշխարհը արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Դա վառ կերպով ցույց տվեց անցյալ շաբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Բառացիորեն մեր աչքի առաջ ի հայտ են գալիս նոր տնտեսական կենտրոններ եւ ի հայտ են գալիս նոր փոխհարաբերություններ, որոնք արտացոլում են ժամանակակից աշխարհի իրողությունները եւ զարգացման վեկտորները։ ԵԱՏՄ-ի շնորհիվ մեր տնտեսությունները շատ լավ դիրքավորված այն բանի համար, որ առաջ շարժվեն եւ յուրացնեն այս նոր շուկաները»,- նշել է նա։




























