Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 77-րդ նստաշրջանի ամբիոնից կողմ է արտահայտվել ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխմանը եւ կազմակերպության գործառույթների ամրապնդմանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհակարգի համար անհրաժեշտ է ուժերի եւ գիտելիքների կենտրոնացում։ Դրա իրականացման համար, ինչ գնով էլ որ լինի, անհրաժեշտ են ՄԱԿ բարեփոխում, ՄԱԿ գործառույթների ամրապնդում»,- ասել է Կիսիդան։  

Նա վեհաժողովին ծանոթացրել է ՄԱԿ սկզբունքների պահպանման հարցի վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումներին։

«ՄԱԿ փիլիսոփայությանը եւ սկզբունքներին վերադառնալու համար անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ը, ներառյալ Անվտանգության խորհրդի բարեփոխումը, ինչպես նաեւ ՄԱԿ գործառույթների ամրապնդումը, ներառյալ միջուկային զենքի չտարածման սկզբունքը»,- ասել է Կիսիդան։

Որպես երկրորդ սկզբունք Կիսիդան նշել է ՄԱԿ-ի կողմից «օրենքի գերակայության հայեցակարգի պաշտպանությունը միջազգային հարթությունում»։ Որպես երրորդ սկզբունք նա նշել է «մարդու անվտանգության ապահովումը նոր դարաշրջանում»։

Նա կոչ է արել ոչ միայն «հանուն քննարկման քննարկել ՄԱԿ բարեփոխումը», որը, նրա խոսքով, անգործունակություն է ցուցաբերում, այլեւ դիմել «բարեփոխմանն ուղղված գործողությունների»։

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների շարքում կան երկրներ, որոնք ցանկություն ունեն բարեփոխել (կազմակերպության Անվտանգության խորհուրդը)։ Առանց բանակցությունների բարեփոխում չի լինի։ Անհրաժեշտ է բանակցություններ սկսել ձեւակերպումների մասին»,- ասել է Կիսիդան։