ԱՄՆ-ի ավիակիրը հինգ տարվա մեջ առաջին անգամ եկել է Հարավային Կորեա՝ Փհենյանին ուժի ցուցադրման համար։ USS Ronald Regan-ը հանգրվանել է Փուսան հարավային նավահանգստում։
«Ավիակիրը Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի ուժը ցուցադրելու նպատակ ունի»,- AFP-ին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Ավիակիրը նպատակ ունի «զսպել Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային սպառնալիքները», ավելացրել է պաշտոնյան։
Այս տարի Փհենյանը մի քանի հրթիռային փորձարկումներ է իրականացրել, ինչպես նաեւ վերանայել է իր օրենքը՝ ամրագրելով կանխիչ միջուկային հարվածի իրավունքը։
Ամերիկյան ավիակիրը Փուսանում է այն բանից հետո, երբ հարավկորեացի եւ ամերիկացի պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է եւս մեկ միջուկային փորձարկում իրականացնել։





























