Թուրքիայում այս կիրակի մահացել է դեռեւս հունիսին վերակենդանացման բաժանմունքում հայտնված, ապա Մոսկվա տեղափոխված ռուս տուրիստ Ալեքսեյ Ռոգաչեւը: Նա մահացել է Բուրնազյանի անվան դաշնային բժշկական կենսաբանական կենտրոնում: Ռոգաչեւն ուներ երկու անչափահաս երեխա եւ ծեր մայր, հաղորդում է «Վեստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բառնաուլցի ատամնաբույժ, 39-ամյա Ալեքսեյ Ռոգաչեւը «երիկամային սուր անբավարարություն» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 2-ին։ Հիվանդանոցում նրան հեմոդիալիզ են արել, ինչից հետո սուզել արհեստական կոմայի վիճակի մեջ:
Ռոգաչեւի կնոջը ներկայացրել են բժշկական ծառայությունների գները եւ նրանից ստացական վերցրել այն մասին, որ նա ինքնուրույն կվճարի բուժման ծախսերը, եթե դա չանի ապահովագրական ընկերությունը։ Սակայն ապահովագրական ընկերությունն ինչ-ինչ պատճառներով ձգձգել է գործընթացը, եւ կլինիկայի ղեկավարությունը որոշել է չսպասել։ Երեք օր անց Տատյանա Ռոգաչեւային վերջնագիր է ներկայացվել. կամ գումարն անհապաղ կմուծվի կամ պացիենտը կզրկվի բժշկական օգնությունից։
Որպեսզի բուժումը շարունակվի, կինը ստիպված է եղել 560 հազար ռուբլի հավաքել։ Հիվանդին Ռուսաստան տեղափոխելու համար ավելի շատ գումար է պետք եղել։ Հատուկ սարքավորումներով հագեցած եւ ռեանիմատոլոգներով օդանավն արժե 60 հազար եվրո։ Սակայն հիվանդների հարազատներն այդ գումարը չեն ունեցել, հայտնում է utro.ru-ն։
Հուլիսի 5-ին ապահովագրական ընկերությունն ամեն դեպքում հաստատել է, որ Ռոգաչեւի դեպքն ապահովագրված է, եւ իր վրա է վերցրել բուժման ծախսերը։




























