Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ նավերն արտանետում են աերոզոլներ, որոնք նպաստում են մթնոլորտի սառեցմանը եւ քողարկում կլիմայի խոցելիությունը գլոբալ տաքացման նկատմամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Մասնագետները վերլուծել են նավերի արտանետումների մասին տվյալները եւ մշակել նոր մեթոդ՝ ամպերի վրա նավագնացության ազդեցության քանակական գնահատման համար: Հայտնի է, որ երբ նավն անցնում է ամպի տակով, աերոզոլային արտանետումները տեսանելի են դառնում երկար գծի տեսքով, որը նման է ինվերսիոն հետքի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ աերոզոլներն ազդում են նավի ուղու երկայնքով ամպի արտացոլման ունակության վրա: Թեեւ նավագնացության արտանետումների ճնշող մեծամասնությունը տեսանելի հետքեր չի թողնում, այս դեպքում աերոզոլների ազդեցությունը կարելի է որոշել՝ ամպերի հատկանիշների փոփոխմամբ, այդ թվում՝ դրանցում պարունակվող կաթիլների եւ ընդհանրապես ջրի քանակով:

Աշխատանքի հեղինակները վեց տարվա ընթացքում վերլուծել են ավելի քան երկու միլիոն նավերի երթուղիների մասին տվյալների գլոբալ բազան եւ այս տվյալները համադրել եղանակային պատմական գրառումների հետ: Այնուհետեւ նրանք մոդելավորել են, թե ինչպես են աերոզոլների արտանետումները տեղափոխվում քամու միջոցով եւ ազդում ամպերի ծածկույթի վրա: Արբանյակային պատկերները հնարավորություն են տվել չափել ջրի ընդհանուր քանակի մեջ կաթիլների քանակը (այդ թվում՝ ջրային գոլորշիների տեսքով) աղտոտված եւ չաղտոտված ամպերում։

Պարզվել է, որ անտեսանելի աերոզոլային հետքերը նպաստում են ամպերի մեջ կաթիլների քանակի ավելի փոքր աճին (50 տոկոսով պակաս), բայց ջրի քանակի ավելի մեծ աճին` համեմատած արտանետումների տեսանելի հետքերի հետ: Սա համապատասխանում է աերոզոլների բարձր սառեցման ազդեցությանը: Այսպիսով, ամպերը կարող են ավելի ուժեղ արձագանքել օդի աղտոտվածությանը, քան նախկինում համարվում էր, իսկ աերոզոլները կարող են ուժեղ սառեցնող ազդեցություն ունենալ՝ քողարկելով կլիմայի իրական խոցելիությունը գլոբալ տաքացման նկատմամբ:

Աերոզոլային արտանետումները սառեցնող ազդեցություն ունեն մոլորակի վրա, քանի որ ստեղծում են լրացուցիչ խտացման միջուկներ, որոնց վրա առաջանում են ամպի կաթիլներ: Ավելի պայծառ ամպերն արտացոլում են իրենց վրա ավելի շատ ընկնող արեւի լույսը՝ կանխելով երկրագնդի մակերեւույթի տաքացումը: