Սառցադաշտերի հալման պատճառով ծովի մակարդակի բարձրացման տեմպերը վերջին քսան տարիների ընթացքում գերազանցել են 2 միլիմետրը, հայտնում է Nature Communications-ը։
20-րդ եւ 21-րդ դարերի ընթացքում Երկրի վրա միջին ջերմաստիճանը անընդհատ աճում է, եւ, ըստ ժամանակակից կլիմայագետների, դա առաջին հերթին պայմանավորված է մարդու գործունեությամբ եւ ածխաթթու գազի արտանետումներով: Գլոբալ տաքացման բացասական հետեւանքներից է ջրի մակարդակի բարձրացումը՝ սառույցի հալելու պատճառով, ինչը կարող է հեղեղել բնակեցված տարածքները, խաթարել Արկտիկայի եւ Անտարկտիդայի էկոլոգիան եւ փոխել ծովային հոսանքները:
Օտտավայի համալսարանից Ուիլյամ Կոխտիցկին եւ նրա գործընկերները որոշել են պարզել, թե ինչպես են փոխվել Սառուցյալ օվկիանոսի հարեւանությամբ գտնվող սառցադաշտերը։ Առանց Գրենլանդիայի սառցադաշտերը հաշվի առնելու, դրանք զբաղեցնում են շրջաբեւեռային շրջանի հողի մեկ երրորդը։ Գիտնականները հավաքել են այս բոլոր սառցադաշտերի 2000-ից 2020 թվականների ընթացքում արված պատկերները, այնուհետեւ ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվել դրանց տարածքը, ծովի հետ շփման բնույթը:
Հետազոտողների կողմից իրականացված հաշվարկները ցույց են տվել, որ հալման արագությունը վերջին 20 տարիների ընթացքում աճել է: 2000-ից 2010 թվականներին այս ցուցանիշը կազմել է տարեկան մոտ 44,4 մլրդ տոննա, մինչդեռ հաջորդ տասնամյակում այն աճել է մինչեւ տարեկան 51,9 մլրդ տոննա։ Այս գործընթացները հատկապես ազդել են Նովայա Զեմլյայի, Սեվերնայա Զեմլյայի եւ Ռուսաստանի Արկտիկայի այլ շրջանների վրա, որտեղ սառցադաշտերի հալման արագությունն աճել է 50-ից 55 տոկոսով։
Նման ծավալի սառույցի հալվելը համարժեք է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի 2 միլիմետրով բարձրացմանը։




























