Այն ամենը, ինչ մենք գիտենք Սաուդյան Արաբիայի խոշոր ճարտարապետական ​​հուշարձանի՝ Նեոմի մասին, գիտաֆանտաստիկ է թվում: Թռչող վերելակները, զրոյական ածխածնային գոտիները եւ լողը՝ որպես աշխատանքի հասնելու միջոց, սրանք բոլորը նախկինում չտեսնված են եղել, գրում է Fortune-ը։

Այժմ ֆուտուրիստական ​​քաղաքը փորձում է գայթակղել մենեջերներին՝ առաջնորդելու աճող ոլորտները, ինչպիսիք են զբոսաշրջությունը եւ տեխնոլոգիաները, տարեկան մինչեւ 1,1 միլիոն դոլար աշխատավարձով, ըստ ներքին փաստաթղթի, ահյտնում է Wall Street Journal-ը: Եվ այդ թիվը կարող է շատ ավելի մեծանալ՝ բոնուսները եւ այլ խթանները հաշվի առնելով:

Նեոմը արքայազնի ջանքերից մեկն է՝ դիվերսիֆիկացնելու Սաուդյան Արաբիայի տնտեսությունը, որն աշխարհում նավթի ամենամեծ արտահանողն է։ Ավելի հյուրընկալ կերպար ստեղծելու համար Նեոմը նաեւ ոգելից խմիչք է մատուցելու իր հանգստավայրերից մեկում, ինչը նշանակալի իրադարձություն է իսլամական թագավորության համար, քանի որ երկրում ալկոհոլն արգելված է:

Սաուդյան Արաբիան հույս ունի նաեւ նոր տաղանդներ ներգրավել՝ եկամտային հարկի իսպառ բացակայության շնորհիվ, ինչը նշանակում է, որ ղեկավարները կկարողանան պահպանել իրենց ամբողջ աշխատավարձը՝ մեկ միլիոն դոլար: Նախագծում ասվում է, որ մի շարք փորձագետների ամբողջ աշխարհից արդեն ընտրվել են:

Նեոմը, որը նախատեսվածի համաձայն Բելգիայի չափ է, ունի աշխատանքային հնարավորությունների լայն շրջանակ ծրագրի ղեկավարների, ծովային կենսաբանների, ջրահեռացման ինժեներների եւ այլ մասնագիտության տեր մարդկանց համար: Այստեղ կապրի 9 միլիոն մարդ::

MBS-ը Նեոմի մասին հայտարարել է դեռեւս 2017 թվականին՝ 500 միլիարդ դոլար ընդհանուր բյուջեով: Նախագծի առաջին փուլը կարժենա 319 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: