1970-2018 թվականների ընթացքում աշխարհում վայրի բնության պոպուլյացիաները կրճատվել են միջինը 69 տոկոսով, ինչը վտանգավոր նվազում է կլիմայի փոփոխության եւ մարդկային այլ գործունեության հետեւանքով, նախազգուշացրել է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):
1970-2018 թվականների ընթացքում Բնության համաշխարհային հիմնադրամը հետեւել է ցամաքում, օդում եւ ջրում վայրի կենդանիների գլոբալ փոփոխություններին 5230 ողնաշարավոր տեսակների գրեթե 32000 պոպուլյացիաների շրջանում: Նա օգտագործել է տվյալների հավաքածու, որը հայտնի է որպես Կենդանի մոլորակի ինդեքս (LPI)։
Զեկույցում ընդգծվում է մոլորակի «կրկնակի արտակարգ իրավիճակը»՝ կլիման եւ կենսաբազմազանության կորուստը՝ ցամաքային եւ ծովային համակարգերի դեգրադացիայի անմիջական հետեւանքները, կենդանիների եւ բույսերի չափազանց շատ շահագործումը եւ կլիմայի փոփոխությունը:
Ներկայում 1 միլիոն բույսերի եւ կենդանիների անհետացում է սպառնում, ընդ որում՝ կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների եւ երկկենցաղների 1-2,5 տոկոսն արդեն անհետացել է, հայտնում է WWF-ն:
Մարդկային գործունեությունը 1970 թվականից ոչնչացրել է աշխարհի վայրի բնության երկու երրորդը, ասվում է զեկույցում:




























