Ուելսի կառավարությունը կիրակի հայտարարել է, որ թռչնի գրիպ է հայտնաբերվել ընտանի թռչնի մոտ Անգլիայի մի օբյեկտում, գրել է The Guardian-ը։

Բարձր պաթոգեն H5N1 թռչնի գրիպի առկայությունը հաստատվել է  Ուելսի գլխավոր անասնաբույժի պաշտոնակատար Գեւին Ուոթքինսի կողմից։ Սա Ուելսում թռչնի գրիպի առաջին հաստատված դեպքն է հոկտեմբերի 1-ից հետո։

Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունը տեղեկացրել է, որ վիրուսից բնակչության առողջությանն սպառնացող վտանգը շատ ցածր է, իսկ սննդամթերքների ստանդարտների գործակալությունը հայտարարել է, որ թռչնի գրիպը փոքր ռիսկ է պարունակում սննդամթերքների անվտանգության տեսակետից։

Ուելսի կառավարությունը տեղեկացրել է, որ վարակված շինությունների շուրջ 3 կիլոմետրանոց պաշտպանական եւ 10 կիլոմետրանոց դիտարկման գոտիներ են մտցվել, որպեսզի սահմանափակեն հիվանդության տարածման վտանգը։

Նա ավելացրել է, որ այս գոտիներում թռչունների տեղաշարժն ու կուտակումը սահմանափակված են, եւ բոլոր տնտեսությունները, որոնք թռչուններ են պահում, պետք է հայտարարագրեն իրենց տնտեսությունները։

Թչուններ ունեցողներին կոչ են արել զգոն լինել եւ ապահովել կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ։ Ֆերմերներին խորհուրդ են տվել առաջին հերթին խորհրդակցել անասնաբույժի հետ, եթե թռչունը հիվանդացել է եւ կա թռչնի գրիպի կասկածանք։