Հայաստանյան պարբերականներից մեկի տարածած այն տեղեկությունը, թե Ջերմուկի խանութներում «Կոկա կոլա» անհնար է գտնել, քանի որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը «Պեպսի» է արտադրում եւ արգելել է այդ տարածքում այլ զովացուցիչ ըմպելիքներ վաճառել, իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը։

«Ես ինքս այս ամառ Ջերմուկում եմ հանգստացել։ Ամեն տարվա նման այս տարի էլ քաղաքի կենտրոնում ամենուրեք «Կոկա կոլայի» գովազդեր են։ Ջերմուկի խանութներում, գրեթե առանց բացառության, այդ զովացուցիչ ըմպելիքից կա։ Սա, ըստ էության, թյուրիմացություն է կամ ուղղակի ինչ-որ մեկն Աշոտ Արսենյանին վարկաբեկելու միտում ունի»,- կարծիք հայտնեց Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն օգոստոսի 31-ի իր համարում գրել էր, որ  Ջերմուկում հանգստացող մի ընթերցողից դժգոհություն է ստացել այն մասին, որ երբ վերջինս ցանկացել են «Կոկա-կոլա» խմել, ամբողջ հանգստավայրում չեն կարողացել գոնե մեկ շիշ այդ խմիչքից գտնել։

«Պատճառն այն է, որ «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը «Պեպսի» է արտադրում և արգելել է այդ տարածքում վաճառել այլ զովացուցիչ ըմպելիքներ։ Ըստ մեր զրուցակցի՝ երբ նա փորձել է այլ խանութում փնտրել «Կոկա-կոլա», վաճառողը խորհուրդ չի տվել՝ ասելով, որ դեռ ոչ ոք չի համարձակվել արսենյանական դրվածքին դեմ գնալ՝ այլ ըմպելիք վաճառելով։ Սա էլ մենաշնորհի մի տեսակ է՝ յուրաքանչյուր տարածքում մի օլիգարխ տնօրինում է, թե ժողովուրդն ինչ ուտի, խմի, անի»: