Ճապոնիայի ազգային արժույթի՝ իենի փոխարժեքը կրկին թարմացրել է վերջին 32 տարվա նվազագույնը՝ շարունակելով իր ռեկորդային անկումը։ Այս մասին վկայում են Տոկիոյում տեղի ունեցած արժույթի առքուվաճառքի տվյալները։

Տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ ճապոնական արժույթը մեկ դոլարի դիմաց նվազել է 149 իենից ցածր եւ վաճառվում է մեկ դոլարի դիմաց 149,17-149-18 իենով` մոտենալով հոգեբանորեն կարեւոր 150 նշագծին: Միայն օգոստոսի սկզբից իենը  դոլարի նկատմամբ թուլացել է 14 տոկոսով։  

«Մենք ուշադիր ստուգում ենք իրավիճակը շուկայում»,-ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին։