Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են մեր փոքրիկ աստղերը դիմավորում նոր ուսումնական տարին, ինչպես են նախապատրաստվում, ինչ ցանկություններ ունեն եւ այլն: Ներկայացնում ենք երգչուհի Զարուհի Բաբայանի դստեր, Հ1-ի սերիալային հերոսուհի Սոֆիկոյի անկեղծ խոստովանությունները, ցանկություններն ու գնումները, թե ինչու է մանկական «Նոր ալիք-2011-ում» Հայաստանը ներկայացրած Լիդուշիկը անհամբերությամբ եւ ուրախությամբ սպասում սեպտեմբերի 1-ին, իսկ «Կարգին սերիալում» Արամիկի դերակատար Արեգն էլ անհամբեր սպասում է նոր դասղեկի հետ հանդիպմանը:

Սոֆիկոն ցանկանում է լավ սովորել, նկարչության գնալ եւ ուրախ կինոներում նկարահանվել


Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը, Պարի եւ հոգու թատրոնի գեղարվեստական ղեկավար, պարուհի Սոֆի Դեւոյանն թոռնուհին, Հ1-ով հեռարձակվող սերիալների` «Որբերում» Եվայի, «Աննայում»` փոքրիկ Աննայի, «Հրեշտակների դպրոցում»` Մարիամի դերակատար Սոֆիկոն, այս տարի փոխադրվեց 5-րդ դասարան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շատ գեղեցիկ հագուստ է գնել` կոշիկ, մի քանի պայուսակներ, բանտիկներ եւ «տարբեր տիպի թիթիզ բաներ»: «Հիմա ուզում եմ դպրոց գնալ, բայց ինձ թվում է, որ դասերը սկսվեն, գերհոգնածություն լինի, դժվար կլինի»,- պատմեց Սոֆիկոն` անկեղծանալով, որ նկարահանումները մի քիչ խանգարում են դասերին, բայց ինքը փորձում է երկուսն էլ հասցնել:

Նա նշեց, որ ամռանը կարդացել է բոլոր հանձնարարված գրքերը: Հարցին, թե եղե՞լ է, որ դպրոցում իրեն ընդառաջեն` հաշվի առնելով, որ ինքը հայտնի է, նա անկեղծացավ. «Երեւի եղել է, չեմ հիշում»: Ծնողների հետ թաքուն պայմանավորվածություններ` լավ սովորելու դեպքում այս կառնեմ, այստեղ կտանեմ եւ այլն, չկան: «Ես պետք է լավ սովորեմ, լավ մարդ դառնամ, ես ինքս եմ դա ցանկանում»,- պատմեց Սոֆիկոն: Նա ավելի շատ սիրում է նկարչություն, մաթեմատիկա, մայրենի լեզու, ֆիզկուլտուրա, պար: Ըստ որում` ավելի շատ պարել է սիրում, իսկ հետո` երգել, չի սիրում տխուր կինոներում նկարվել: «Ուզում եմ լավ սովորեմ, պետք է հիմա լավ սովորեմ օտար լեզուներ, ուզում եմ նկարչության գնամ, որպեսզի դիզայներ դառնամ, ու ուզում եմ ուրախ կինոյում նկարվեմ»,- սրանք են փոքրիկ աստղ Սոֆիկոյի  ոչ աստղային ցանկությունները այս ուսումնական տարում:

Երգչուհի Լիդուշիկն ուզում էր այնպիսի ուսուցչուհի դառնալ, որ բոլոր առարկաներն ինքը դասավանդի


Մանկական «Նոր ալիք-2011»  երգի միջազգային մրցույթի Հայաստանի մասնակիցը՝ Լիդուշիկը, ում շնորհել են հանրահայտ «Ունա կանզոնե» մանկական շոում նկարահանվելու հնարավորություն, այսօր` սեպտեմբերի 1-ին, բոլոր աշակերտների նման կհագնի իր դպրոցական համազգեստը եւ կգնա դպրոց: Արդեն հայտնի փոքրիկ երգչուհին դեմ չէ համազգեստ կրել, ավելին` նա կարծում է, որ դա շատ գեղեցիկ է: Լիդուշիկը պատմեց նաեւ, որ դպրոցի համար անհրաժեշտ իրերը գնել է «Նոր ալիքից» Հայաստան վերադառնալիս, երբ երկու օր մնացել է Մոսկվայում եւ մայրիկի եւ տատիկի հետ գնումներ արել: Նա անհամբերությամբ եւ, ուրախությամբ է սպասում սեպտեմբերի 1-ին, թե երբ պետք է իմանա, թե ինչ առարկաներ են անցնելու, ինչ դասագրքերով են սովորելու:

«Երբ է առավոտը գալու, պայուսակս վերցնեմ, գնամ դպրոց: Երեք ամիս առանց դասերի, առանց կարդալու,առանց գրելու, շատ եմ ուրախանում, երբ գալիս է սեպտեմբերը»,- անկեղծացավ Լիդուշիկը` հավելելով, որ այս տարի իր համար կրկնակի տոն է, քանի որ նրա փոքր քրոջ առաջին սեպտեմբերի 1-ն է: 11-ամյա Լիդուշիկն այժմ 7-րդ դասարան է, դպրոցում գերազանց է սովորում:

«Երբ փոքր էի, ուզում էի երգչուհի դառնալ, իսկ հետո ուզեցի պարուհի դառնալ, հետո մի քիչ մեծացա, առաջին անգամ դպրոց գնացի եւ տեսա իմ ուսուցչուհուն, ուզեցի ուսուցչուհի դառնալ, դասավանդել երեխաներին, բայց ուզում էի այնպիսի ուսուցչուհի դառնալ, որ բոլոր առարկաները ես դասավանդեմ: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց բեմի, երգի, պարի»,- պատմեց նա:

Այս տարի Լիդուշիկը մի քանի օր կգնա դպրոց, այնուհետեւ կշարունակի պարապմունքները, որպեսզի Իտալիայում կայանալիք մրցույթին Հայաստանը լավագույնս ներկայացնի:

«Կարգին սերիալում» Արամիկի դերակատար Արեգը ցանկանում է «թռչել» Հոլիվուդ


«Կարգին սերիալում»  Ադիկի տղայի` Արամիկի դերակատար, «Ա TV»-ով հեռարձակվող «Տանը մենակ» հաղորդման վարողներից Արեգն այս տարի կսովորի 5-րդ դասարանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ շատ լավ է պատրաստվել սեպտեմբերի 1-ին, գնել է բոլոր անհրաժեշտ գրենական պիտույքները: «Շատ-շատ եմ կարոտել դպրոցը, ընկերներիս` նույնպես, այս տարի նոր դասղեկ եմ ունենալու, անպայման պետք է գնամ առաջին դասարանիս դասղեկին տեսնեմ, կարոտս առնեմ»,- պատմեց Արեգը, ով եւս համազգեստով է գնալու դպրոց: Ամռանը Արեգը չի մոռացել դասերը, կարդացել է «Փոքրիկ իշխանը», «Քարանաձավի բնակիչները», «Հայկն ու Բելը», «Վահագնը», այժմ կարդում է «Սասունցի Դավիթը»:

«Դպրոցում լավ եմ սովորում, ինձ այդպես է թվում, եթե քառորդները լավ են, ուրեմն` լավ եմ սովորում»,- պատմեց Արեգը: Նրա խոսքով` դպրոցում իրեն վերաբերվում են ինչպես սովորական երեխայի, որպես հայտնի` առավելություններ չեն տալիս եւ դա շատ հաճելի է իրեն: Սերիալում նկարահանվելուց հետո անծանոթները նրան «Արամիկ» են կանչում, իսկ ընկերների համար նա շարունակում է մնալ Արեգ. «Եթե ծաղրելու համար են ասում, այդպիսի մարդիկ լինում են, պարզ է, որ կնեղվեմ, իսկ եթե ծաղրելու համար չի, ուրեմն չեմ նեղվի, կշրջվեմ եւ կասեմ` բարեւ»:

Նրա խոսքով` նկարահանումները չեն խանգարի դասերին, քանի որ «Կարգին սերիալի» ամբողջ կոլեկտիվն այնպես է անում, որ «Արամիկը» դասերից չբացակայի նաեւ իրական կյանքում: Դպրոցն ավարտելուց հետո Արեգը ցանկանում է դառնալ երգիչ-դերասան: «Մեծ ցանկություն ունեմ` թռչել Հոլիվուդ, Հոլիվուդ պետք է գնամ»,- ասաց նա:

 

Պատրաստեց Ինգա Մարտինյանը