Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ  հեռավորության վրա գտնվող Հերհերի ձորը, որտեղ 1920 թվականին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորած, եւ որը շատերին հայտնի է  «Ձարդի ձոր»  անվամբ , վերածվել է աղբանոցի:   Տարածքը տարվա այս եղանակին շատերի համար ծառայում է հանգստի վայր, հատկապես շաբաթ-կիրակի օրերին այստեղ հանրապետության տարբեր հատվածներից ընտանիքներով եւ ընկերախմբերով գալիս, խնջույքներ են կազմակերպում, տարածքն աղտոտում եւ հեռանում:  Ներկայումս Հերհերի ձորի տարբեր հատվածներ լեփ-լեցուն են կենցաղային աղբով, դատարկ շշերով, միրգ-բանջարեղենի մնացորդներով:

Նշենք, որ 1920 թվականին թուրքերը զանգվածաբար կոտորել են Ալեքսանդրապոլի  ու շրջակա գյուղերի մոտ 5 հազար խաղաղ բնակիչների, որի համար էլ շատերը տարածքն անվանում են «Ջարդի ձոր»: Այստեղ  երեք աղբյուրներով մի համեստ հուշարձան է կանգնեցված՝ ի հիշատակ Մեծ եղեռնի նահատակների: Նույն այս տարածքում ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը   հարգանքի տուրք է մատուցում՝ զոհված մեր նախնիների հոգիների հավերժության համար:

Իսկ ահա տարվա մնացած օրերին, հատկապես ամռան ամիսներին, տարածքը կերուխումի հարմար վայր է դարձել շատերի համար:

Ֆիզիկոս-մանկավարժ Վոլոդյա Հարությունյանի կարծիքով՝ ուղղակի բարոյական չէ այս քայլը: «Կոտորածի վայրը կերուխումի տեղ չէ: Այնտեղ մեր նախնիների շիրիմներն են,   սա պետք է ընկալի ու հասկանա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի»,-ասել է նա:

Տարիների ընթացքում այս տարածքը հարմարեցվել է խնջույքների համար, խմելու ջուրը կա, իսկ հարակից տարածքներում համապատասխան պայմաններ են ստեղծել ու հանգստյան օրերին այստեղ հանգստացողների պակաս չկա: Վերջին անգամ տարածքը մաքրվել է ապրիլի 24-ի նախօրեին, երբ պետական տարբեր պաշտոնյաների այցելություններ են եղել, իսկ անցած 4 ամիսների ընթացքում այստեղ մաքրման աշխատանքներ չեն տարվել:

Գյումրեցի պատմաբան Արշավիր Գասպարյանի հավաստմամբ՝«Ջարդի Ձորում» ստեղծված այս իրավիճակը հավասարազոր է նրան, որ շատերը գնան ու խնջույքներ կազմակերպեն Ծիծեռնակաբերդում: Ժողովուրդը վերջապես պետք է տարբերակի, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ»,-ասել է պատմաբանը:

Նշենք, որ  տարածքը վերահսկող որեւէ մարմին չկա: Տարածքի մաքրման , բարեկարգման ու պահպանման ուղղությամբ քայլեր պետք է իրականացնեն պետական համապատասխան կառույցները, այս դեպքում՝ հստակ եւ լուրջ անելիք ունի Շիրակի մարզպետարանը: