Գերմանիան ծրագիր է ներկայացրել, որով ապաքրեականացվում է մինչեւ 30 գրամ կանեփ պահելը՝ վերահսկվող շուկայում մեծահասակների կողմից ռեկրեացիոն նպատակներով, գրում է AP-ը։

Առողջապահության նախարար Կառլ Լաութերբախի խոսքով՝ Բեռլինը Եվրահանձնաժողովի հետ կստուգի՝ արյդոք ծրագիրը համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը, եթե այն կանաչ լույս ստանա։

Լաութերբախն ասել է, որ նոր կանոնները կարող են ծառայել որպես «օրինակ Եվրոպայի համար»: Նրա խոսքով՝  դրանք ուժի մեջ կմտնեն 2024 թվականից ոչ շուտ։ Նա նշել է, որ ծրագիրը ներառում է կանեփի աճեցում եւ վաճառք արտոնագրված կետերում՝ սեւ շուկայի դեմ պայքարելու համար: Մարդկանց կթույլատրվի աճեցնել մինչեւ երեք բույս ​​եւ գնել կամ ունենալ 20-30 գրամ մարիխուանա:

Եթե ​​օրենքն ընդունվի այնպես, ինչպես նախատեսված է, «դա կլինի, մի կողմից, կանեփի օրինականացման ամենաազատական ​​նախագիծը Եվրոպայում, իսկ մյուս կողմից՝ ամենախիստ կարգավորվող շուկան», ասել է  Լաութերբախը։

Նա նշել է, որ «երիտասարդության պաշտպանության եւ առողջության բարելավումը» կառավարության առաջարկի հիմնական նպատակներն են։