Ուկրաինային բազմամիլիարդանոց հավելյալ օգնության փաթեթներ տրամադրելու վերաբերյալ հանրապետականների թերահավատությունը եվրոպացի դաշնակիցների մոտ մտավախություն է առաջացրել, որ Ուկրաինային օգնությունը կարող է սկսել սպառվելլ:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեւին Մաքքարթին անցյալ շաբաթ լրագրողներին հաստատել էր, որ իր կուսակցությունը շահագրգռված չէ «չեկ» գրել Ուկրաինային, եթե հանրապետականները նոյեմբերին իրենց վերահսկողության տակ առնեն Կոնգրեսը: Պատերազմի սկզբից Բայդենի վարչակազմը երկրին մատակարարել է ավելի քան 50 միլիարդ դոլար անվտանգության եւ մարդասիրական օգնություն:

Այժմ Եվրոպայի որոշ առաջնորդներ ահազանգում են, որ ԱՄՆ-ի աջակցության կորուստը կարող է Ուկրաինային օգնության կրճատման ալիք առաջացնել:

«Դուք Պուտինին ձեռնտու բան կանեք»,- Washington Post-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի պատգամավոր Թոբիաս Էլվուդը: «Եթե Ամերիկան նահանջի, Պուտինը կարող է հաղթանակը խլել պարտության երախից».

Բայդենի օրոք Ուկրաինային ամերիկյան ֆինանսավորումը հիմնականում երկկուսակցական է եղել, եւ շատ հանրապետականներ ասում են, որ պատճառ չկա, որ ֆինանսավորումն այս կամ այն ձեւով չշարունակվի:

«Հանրապետականների ղեկավարությունից ոչ ոք կոչ չի արել դադարեցնել օգնությունն Ուկրաինային»,- ասել է Օհայոյի ներկայացուցիչ Մայք Թերները:

Օգնության փաթեթների վերաբերյալ իր քննադատությունը Մաքքարթին հիմնավորել է Ամերիկայի տնտեսական իրավիճակով, քանի որ տնտեսությունը ռեցեսիայի ռիսկի է ենթարկված: «Չեմ կարծում, որ ռեցեսիայի մեջ գտնվող մարդիկ Ուկրաինային քարտ-բլանշ կտան,- անցյալ շաբաթ Punchbowl News-ին տված հարցազրույցում ասել է Մաքքարթին,- Նրանք ուղղակի դա չեն անի…»