Չինաստանի նախագահ Սի Ծինփինն առաջիկայում կայցելի Սաուդյան Արաբիա, տեղեկացրել է թագավորության արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը։

Բարձրամակարդակ այցի եւ հանդիպումների մասին հայտարարությունն արվել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի եւ արքայազն Ֆեյսալի բանակցություններից հետո։

«Մեր հանդիպումը կայացել է կարեւոր ժամանակ, քանի որ այն նախորդում է Չինաստանի նախագահի՝ թագավորություն կատարելիք այցին եւ սաուդա-չինական գագաթաժողովին, Պարսից ծոցի երկրների եւ Չինաստանի ու արաբա-չինական գագաթաժողովներին, որոնց թագավորությունը վերաբերվում է մեծ հետաքրքրությամբ եւ աշխատում է գագաթաժողովների բոլոր միջոցառումները հաջող ավարտելու ուղղությամբ»,- ասել է արքայազն Ֆեյսալը սաուդյան Al Ekhbariya հեռուստաալիքին։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ պատմական եւ ամուր հարաբերությունները հիմնված են ընդհանուր սկզբունքների եւ փոխադարձ հարգանքի վրա, ինչը «նպաստում է միջազգային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»։

Վերջին անգամ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիա է այցելել 2016թ.։ 2019թ. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանն է այցելել Պեկին։