Թուրքիան ուժեղացնում է իր ներկայությունը Աֆրիկայի անվտանգության ոլորտում՝ ավելի քան մեկ տասնամյակ մայրցամաքում իր տնտեսական ու մշակութային ազդեցության ռազմավարական ընդլայնումից հետո: Կառավարությունը վերջերս անվտանգության մասին մի շարք համաձայնագրեր է ստորագրել հատկապես Արեւմտյան Աֆրիկայում, եւ կտրուկ աճել է զենքի արտահանումը Աֆրիկա, հայտնում է DW-ն։

Թուրքիայի պաշտպանական եւ օդատիեզերական արտադրանքի արտահանումը մայրցամաք 2021 թվականին ավելի քան հինգ անգամ աճել է՝ հասնելով 460,6 միլիոն դոլարի՝ 2020 թվականի 82,9 միլիոն դոլարի համեմատ:

Թուրքիայի մասնաբաժինը Աֆրիկայի սպառազինության շուկայում դեռ չնչին է՝ 0,5%: Սակայն պաշտպանության վաճառքի արագ աճը «ապշեցուցիչ» է, համաձայն 2022 թվականին Գերմանիայի միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի (SWP) ուսումնասիրության:

Ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան Աֆրիկայում աճող իսլամիստական ապստամբությունների, ինչպես նաեւ ներքին հակամարտությունների ֆոնին կառավարությունները մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը: Թուրքիան, պարզվում է, որ հուսալի այլընտրանք է զենքի ավանդական արտահանողներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը:

Աֆրիկյան կառավարությունների համար «Թուրքիան միջոցներ է տրամադրում ռազմական տեխնիկայի իրական գնման համար»,- DW-ին ասել է բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի գիտաշխատող Աբել Աբատե Դեմիսին:

Թուրքական զենքը համեմատաբար էժան է, ունի ավելի կարճ առաքման ժամկետ եւ ենթակա չէ «բյուրոկրատական խոչընդոտների», ինչպիսիք են քաղաքական կամ իրավապաշտպան պայմանները, նշել է նա։

Նիգերիայի նախագահի մամուլի հարցերով օգնական Մուհամմեդ Բուհարին 2021 թվականի վերջին հայտարարության մեջ գովաբանել է թուրքական պաշտպանական տեխնոլոգիան՝ ասելով, որ դա կարագացնի երկիրը «ահաբեկիչների օջախներից եւ առեւանգողների ու ավազակների սպառնալիքից» ազատելու ջանքերը։

SWP-ի ուսումնասիրության համաձայն՝ աֆրիկյան երկրներն ամենից շատ շահագրգռված են թուրքական արտադրության զրահատեխնիկա, ռազմածովային տեխնիկա, հետեւակային զենք եւ անօդաչու թռչող սարքեր գնելու հարցում։

Աֆրիկյան երկրները, որոնք արդեն ստացել են թուրքական արտադրության անօդաչու սարքեր, ներառում են Սոմալին, Տոգոն, Նիգերը, Նիգերիան եւ Եթովպիան, թեեւ անօդաչուների վաճառքը Եթովպիային քննադատության է արժանացել Արեւմուտքի կողմից այն բանից հետո, երբ կառավարությունը դրանք օգտագործել է Տիգրայի հակամարտության խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար:

Հաղորդվում է, որ մի քանի այլ երկրներ պատվերներ են կատարել, թեեւ Թուրքիայի հայտնի Bayraktar անօդաչու թռչող սարքը ներկայումս հերթում է երեք տարով:

Թուրքական անօդաչու թռչող սարքերը էժան են՝ համեմատած ամերիկյան կամ իսրայելական մոդելների հետ եւ հեշտ են շահագործվում։ Բայց մեծ առավելությունն այն է, որ դրանք մարտական փորձության են ենթարկվել, ասում է Թուրքիայի Հաջի Բայրամ Վելի համալսարանի թուրք-աֆրիկյան հարաբերությունների վերլուծաբան Յունուս Թուրհանը:

Թուրքիայի համար Աֆրիկան պոտենցիալ հսկայական շուկա է Անկարայի զարգացող պաշտպանական եւ օդատիեզերական արդյունաբերության համար, որը 2020 թվականին ուներ մոտ 1500 ընկերություն՝ 2002 թվականի 56-ի համեմատ:

Առնվազն 15 աֆրիկյան երկրներ օգտագործում են նաեւ մի քանի մրցակից թուրքական ընկերությունների պատրաստած զրահամեքենաներ։

Սակայն աֆրիկյան երկրները հետաքրքրված են ոչ միայն թուրքական զենքով։ Կա նաեւ անվտանգության աջակցության «մեծ պահանջարկ»,- ասել է Development Reimagined միջազգային խորհրդատվական կազմակերպությունում նիգերիացի քաղաքական վերլուծաբան Օվիգվե Էգուեգուն: Թուրքիան ռազմական պայմանագրեր է կնքել աֆրիկյան երկրների մեծ մասի հետ, հիմնականում՝ Արեւմտյան եւ Արեւելյան Աֆրիկայում։ Թեեւ գործարքները ծավալով տարբեր են, դրանք կարող են ներառել տեխնիկական այցեր հետազոտական կենտրոններ, հաստատությունների եւ ընկերությունների միջեւ անձնակազմի փոխանակում եւ վերապատրաստում:

2021 թվականի Թուրքիա-Աֆրիկա գագաթաժողովին մասնակցել են 16 աֆրիկյան պետությունների ղեկավարներ եւ ավելի քան 100 նախարարներ։

Սա ցույց է տալիս, որ մայրցամաքը Թուրքիային տալիս է աճող ռազմավարական նշանակություն, ասում է խաղաղության եւ անվտանգության սենեգալցի վերլուծաբան, Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Աիսատու Կանտեն:

Պաշտպանական համաձայնագրերի վերածնունդը մտահոգություն է առաջացնում «բազմաթիվ սպառնալիքների բախված պետությունների աճող ռազմականացման վերաբերյալ»,- ասել է Կանտեն: