Երկրորդ համաշխարհային պատերազմի համար հատուցումների հարցը Գերմանիայի համար փակված է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով վերջերս փոխհատուցում պահանջող Լեհաստանի դիվանագիտական նոտայի մանրամասները։
Լեհաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ ներկայացրել էր Բեռլինին ուղղված դիվանագիտական նոտայի մանրամասները «1939-1945 թվականներին Գերմանիայի կողմից իր ագրեսիայի եւ օկուպացիայի հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին»: Լեհաստանը նյութական եւ ոչ նյութական կորուստների համար 6 տրլն 220 միլիարդ 609 միլիոն լեհական զլոտի (1,32 տրիլիոն եվրո) փոխհատուցում է պահանջում։
Նոտայում Լեհաստանը նաեւ պահանջել է, որ Գերմանիան փոխհատուցի «գերմանական ագրեսիայի եւ օկուպացիայի զոհերին, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին՝ կրած կորուստների եւ վնասների համար», եւ «համակարգային միջոցներ» ձեռնարկի «Լեհաստանից առգրավված մշակութային արժեքները վերադարձնելու համար, որոնք ներկայումս գտնվում են Գերմանիայի տարածքում»։
Նոտայի մանրամասները մեկնաբանելու Մամուլի լեհական գործակալության խնդրանքին ի պատասխան՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ասել է, որ «դաշնային կառավարության կարծիքով՝ ռազմական փոխհատուցումների հարցը փակված է»։
«Հոկտեմբերի 4-ին Վարշավայում Լեհաստանի դիվանագիտության ղեկավար Զբիգնեւ Ռաուի հետ կայացած հանդիպման ժամանակ արտաքին գործերի դաշնային նախարար Անալենա Բերբոքի ներկայացրած դիրքորոշումն ուժի մեջ է մնում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Բերբոքն ու Ռաուն հանդիպել են Լեհաստանի արտգործնախարարի կողմից Գերմանիայի կառավարությանն ուղղված փոխհատուցման պահանջով պաշտոնական նոտան ստորագրելու հաջորդ օրը։





























