ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ առաջընթաց է արձանագրվել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցություններում, սակայն քիչ հավանական է համարել, որ ՄԱԿ-ի խաղաղապահները կներգրավվեն նման առաքելությանը:

«Մենք առաջընթաց ենք գրանցել (անվտանգության գոտու հարցում), բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ վերջնական որոշումը դեռեւս կայացված չէ»,- ասել է նա՝ իտալական «Նովա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Գրոսսիի խոսքով, այս հարցի հրատապության մասին նա խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«ՄԱԿ-ին ներգրավելու համար անհրաժեշտ է տեղ ունենալ Անվտանգության խորհրդում, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի: Այս պահին ես կարծում եմ, որ դա քիչ հավանական է»,- ասել է Գրոսսին՝ պատասխանելով «Կապույտ սաղավարտների» հնարավոր ներգրավվածության մասին հարցին:

Ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա բլոկների քանակով եւ հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է ռուս զինվորականների՝ ատոմակայանի պաշտպանության տակ վերցնելու հիմնավորումը՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսքերը կանխելու առումով։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար հրետակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը եւ քաղաքին հարող Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։