Երեւանում սեպտեմբերի 7-9-ին անցկացվելու է Եվրոպայի քաղաքացիական ծառայության ցանցի ամենամյա «Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը` «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ եւ արդյունքներ» խորագրով:

Այն կազմակերպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` ԵԱՀԿ-ի, ԵՄ «Սիգմա» ծրագրի, UNDP-ի ֆինանսական եւ փորձագիտական աջակցությամբ: Հայաստանի քաղծառայության խորհրդի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի հիմնական նպատակն է լինելու քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրելու արդեն կայացած եւ այդ ճանապարհին գտնվող համակարգեր ունեցող երկրների փորձը:

Համաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին երեկոյան, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը, որի շրջանակներում նաեւ համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ քաղծառայության խորհրդի եւ Լիտվայի ներքին գործերինախարարության քաղաքացիական ծառայության վարչության  միջեւ: Համաժողովի բուն աշխատանքները կսկվեն սեպտեմբերի 8-ին: Նախատեսվում են պետական ծառայության ոլորտում միջազգային փորձագետների զեկույցներ, որոնցից հետո քննարկումներ կծավալվեն աշխատանքային խմբերի ձեւաչափով:

Արդյունքները ուղեցուցային նշանակություն կունենան ոլորտում բարեփոխումների իրականացման համար: 

Հայաստանում անցկացվող համաժողովին, որն ընդհանուր առմամբ 5-րդն է, մասնակցելու են 16 երկրների` Ավստրիա, Բելգիա, Կանադա, Կիպրոս, Էստոնիա, Հնդկաստան, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Լիտվա, Մոլդովա, Մոնղոլիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, քաղաքացիական ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինների ղեկավարները: Երեւանում համաժողովն անցկացնելու որոշումը կայացվել էր նախորդ տարի սեպտեմբերին Դուբլինում կայացած համաժողովի ժամանակ` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդի առաջարկության հիման վրա:

Այս տարվա դեկտեմբերին լրանում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունման 10 տարին: Համաժողովն իրականացվում է համակարգի ձեւավորման տասամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում: