Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգեւոր ընթերցումներ» շարքի 15-րդ հատորը` Սուրբ Ներսես Շնորհալիի «ԺԲ դար, Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ» նամականին, որը գրաբարից աշխարհաբար է թարգմանել Սեդա Ստամբոլցյանը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ միջնադարյան այս նամականին բաղկացած է երկու մասից եւ ներկայացնում է ԺԲ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց Կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, Ներսես Շնորհալին եւ Գրիգորիս Դ-ը: Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամբրոնացին է, բովանդակում է Հայ եւ Բյուզանդական եկեղեցիների միջեւ 1165-1178թթ. շրջանում ձեռնարկված միության փորձին առընչվող վավերագրեր, իսկ երկրորդ մասը ներկայացնում է բացառապես սբ Ներսես Շնորհալու նամակները` գրված տարբեր անձանց  ու այլեւայլ առիթներով:

Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: