Հայաստանի կառավարությունը գործազրկության խնդրի լուծման ավելի լավ տարբերակ, քան աշխատուժն Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելն է, չի գտել։ Սեպտերմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը։

«Ուզում եմ անդրադառնալ կառավարության վերջին «անկեղծությանը»՝ աշխատուժի արտահանման վերաբերյալ ԱՄԷ-ի հետ համաձայնագրին։ Իբրեւ թե մեր երկրում աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը լուծվել են, հիմա էլ սեւեռվել են Էմիրաթների վրա»,- հայտարարեց նա։

Թովմասյանի կարծիքով, Խորհրդային Հայաստանի ձեռնարկություններն այժմյան կառավարության համար դարձել են խայտառակություն, որն իր վրայից հանել է ողջ պատասխանատվությունը։ «Արդյունքում այդ ձեռնարկությունները վաճառվեցին, ձեռքից ձեռք անցան»,- ավելացրեց Կոմկուսի ղեկավարը։

«Տեսեք, կապիտալիստական բոլոր երկրները ճգնաժամ են ապրում, եւ միայն սոցիալիստական Չինաստանն է պահում վերցրած կուրսը»,- ասաց Ռուբեն Թովմասյանը: