Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խոսել է ինսուլին ստեղծած բժշկի հետ, թեեւ վերջինս մահացել է Բայդենի ծնվելուց առաջ, գրում է NYP-ն։
Նախագահն այս մասին ասել է Ֆլորիդա նահանգի Հալանդեյլ Բիչում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որի ժամանակ նա գովազդել է ամերիկացիների համար առողջապահական ծախսերը նվազեցնելու իր վարչակազմի ջանքերը:
«Ձեզանից քանի՞սը գիտեն ինսուլինի կարիք ունեցող դիաբետով որեւէ հիվանդի», - հավաքվածներին հարցրել է Բայդենը։
«Դուք գիտեք՝ որքան արժե դիաբետի բուժման համար այդ ինսուլինը․․․Այն հնարել է մարդ, որը չի արտոնագրել այն, որովհետեւ ցանկացել է, որ այն հասանելի լինի յուրաքանչյուրին։ Ես զրուցել եմ նրա հետ», — ասել է Բայդենը։
Բժիշկ Ֆրեդերիկ Բանթինգը եւ պրոֆեսոր Ջոն Ջեյմս Ռիչարդ Մաքլեոդը 1923 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի են արժանացել 1921 թվականին ինսուլինի հայտնաբերման համար։ Բանթինգը մահացել է 1941 թվականին, իսկ Մաքլեոդը՝ 1935 թվականին։ Բայդենը ծնվել է 1942թվականին։
Նախագահը կարող էր նկատի ունենալ ինսուլինի հայտնաբերմանը մասնակցած երկու այլ բժիշկներից մեկին, որոնք կենդանի էին նրա ծնվելուց հետո, բայց այս երկու բժիշկների անուններն էլ նշված են արտոնագրում են՝ հակառակ Բայդենի պնդումներին:
Նույն ելույթի ժամանակ Բայդենը նորից ասել է, որ իր հանգուցյալ որդին՝ Բոն, մահացել է Իրաքում ծառայելու ժամանակ՝ մի քանի շաբաթների ընթացքում արդեն երկրորդ անգամ։
Նա նաեւ Իրաքը շփոթել է Ուկրաինայի հետ, հետո փորձել է արդարանալ՝ ասելով, որ իր որդու պատճառով մտածում է ավելի վաղ Իրաքում տեղի ունեցած հակամարտության մասին։
«Նրանք խոսում են ինֆլյացիայի մասին… այժմ ինֆլյացիան համաշխարհային խնդիր է Իրաքում պատերազմի, նավթի վրա ազդեցության եւ Ռուսաստանի արածի պատճառով… կներեք, Ուկրաինայի», - ասել է նախագահը: «Ես մտածում եմ Իրաքի մասին, քանի որդիս այնտեղ է զոհվել»։
Բոյի մասին իր ոչ ստույգ հայտարարությունից րոպեներ անց Բայդենը նորից հիշատակել է որդու մահվան մասին՝ քննարկելով դեղատոմսով դեղերի գները։ Նախագահն այս անգամ ճիշտ է նշել որդու մահվան պատճառը։





























