Առաջիկայում Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում եւ Պետական ​​պահպանության ծառայությունում կգործարկվի «կամավոր» ատեստավորման համակարգ։ Նոյեմբերի 2-ին՝ Ազգային ժողովում, մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ դրա շնորհիվ,  կսկսվի աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը։ Ատեստավորման գործընթացը կլինի կամավոր:

«Ով իրեն պատրաստ է համարում, կկարողանա անցնել ատեստավորումը։ Ով չանցնի՝ կաշխատի նույն աշխատավարձով, բայց դա անվերջ չի տեւի»,- ասաց կառավարության ղեկավարը։

Վարչապետը զգուշացրեց, որ սահմանվելու է 3 տարի ժամկետ, որի ավարտից հետո ատեստավորում չունեցող աշխատակիցները չեն կարողանա շարունակել աշխատել։