Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման անցկացման փաստն ինքը կարելի է դրական գնահատել։ Խնդիրը շատ բարդ է տարածաշրջանում՝ ե՛ւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա զարգացման առումով, ե՛ւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ու սահմանների խնդրի առումով։ Ուստի ուղղակի չարժե ակնկալել, որ մեկ հանդիպում ինչ-որ կերպ հրաշքով կլուծի բոլոր խնդիրները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։
«Լավն այն է, որ լուծման ուղղությամբ ինչ-որ քայլ է արված, եւ այն, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը միայն մասամբ է հրապարակվել, իսկ այն, որ բոլոր կողմերի պայմանավորվածությունների որոշ կետեր մնացել են չհրապարակված, ցույց է տալիս, որ կան սուր տարաձայնություններ, որոնք հետագայում կհաղթահարվեն։
Բանակցային գործընթացը չբարդացնելու, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակության մեջ բուռն արձագանք չառաջացնելու համար որոշվել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկատվություն չի լինի, քանի դեռ երկու խնդիրների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ Դա կարգավիճակն է (կամ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության խնդիրը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում), ինչպես նաեւ սահմանային վեճերի կարգավորումն ու սահմանների փոխադարձ ճանաչումը»,- նշեց է փորձագետը։
Նպատակ ունե՞ր արդյոք Ռուսաստանը վերականգնել Երեւանի եւ Բաքվի միջեւ գլխավոր մոդերատորի դերը։ Հաջողվե՞ց արդյոք նրան հասել այդ նպատակին:
Դա մրցակցության առարկա չէ, վազքի մրցավազք չէ։ Բանն այն չէ, թե ով այստեղ առաջինը կլինի: Ռուսաստանի համար կարեւոր է, որ տարածաշրջանը վտանգ չներկայացնի իր անվտանգությանը։ Սա մեզ հետ սահմանամերձ տարածաշրջան է՝ հարակից Հյուսիսային Կովկասին, որն ինքնին նույնպես շատ բարդ տարածաշրջան է։ Ռուսաստանի հիմնական շահն այն է, որ այստեղ լինի այնպիսի կայուն իրավիճակ, որը չի սպառնում ո՛չ անարխիայով, ո՛չ արտաքին միջամտությամբ։ Եթե արեւմտյան միջնորդներին հաջողվի լուծել այս խնդիրը, Ռուսաստանը միայն շնորհակալություն կասի։
Մենք տեսնում ենք երկու տարբեր մոտեցումներ՝ արեւմտյան եւ ռուսական, թե ինչպես մոտենալ այս կարգավորմանը։
Ռուսական մոտեցումը ենթադրում է, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը հանվում է բանակցությունների օրակարգից եւ տեղափոխվում ավելի հանգիստ, ավելի հեռավոր ապագա։
Արեւմուտքի տեսակետն այն է, որ այդ հարցը ընդհանրապես հանվում է, եւ համաձայնագիրը ենթադրում է սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։
Այն, որ արեւմտյան դիրքորոշման մեջ որեւէ կերպ չեն հիշատակվում ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ Հայաստանի տարածքում ռուսական բազան, վկայում է, որ Արեւմուտքը պնդելու է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը վերանա եւ խաղաղապահները դուրս բերվեն Ղարաբաղից։
Ուստի դժվար է ենթադրել, որ դա կհանգեցնի հաշտության։ Ռուսական ռազմական ներկայությունը գոնե որոշակի կայունություն է երաշխավորում տարածաշրջանում։ Իսկ եթե դրանք դուրս բերվեն, ապա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա։
Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում հայտարարեց հետեւյալը՝ որ եթե Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը կարծում են, որ խաղաղության պայմանագրում պետք է հիշատակել Ղարաբաղի առանձնահատկությունները, ապա դա նույնպես հնարավոր է։ Բայց Ալիեւը Պուտինի հետ հանդիպմանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտություն չկա, այդ էջը փակ է, եւ պետք է քննարկել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգը։ Սոչիի հայտարարության մեջ նույնպես որեւէ կերպ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը։ Ինչո՞ւ։ Այս հարցում Բաքվի կոշտ դիրքորոշումը հաղթահարելու ռեսուրսներ չկա՞ն։
Ռուսաստանի տեսանկյունից այս հարցն ընդհանրապես հանվում, այն հետաձգվում է երկար ժամանակով, քանի դեռ չեն հասունացել փոխադարձ ընդունելի հիմքով լուծման պայմանները։ Այս իրավիճակում գլխավորը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելն է։ Դա ռուս խաղաղապահներն անում են։ Կախված իրավիճակի զարգացումից՝ այդ խնդիրը կարող է այս կամ այն կերպ լուծվել կամ ընդհանրապես կորցնել արդիականությունը։
Պուտինը Սոչիում հայտարարեց, որ խաղաղապահ զորախմբի ճակատագիրը կախված է նաեւ խաղաղության պայմանագրից եւ սահմանազատումից։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Մոսկվան այս հարցում ռիսկեր է տեսնում, եւ որ պայմանագրի ստորագրման դեպքում՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով, Բաքուն կարող է պահանջել զորակազմը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։
Սրանք բոլորը փոխկապակցված խնդիրներ են, ուստի նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը չեն հրապարակում։ Այս ամենը բուռն վեճերի ու բանակցային գործընթացի առարկա է։ Ներկա փուլում կարեւոր է հասնել նրան, որ կողմերը զերծ մնան ուժի կիրառումից։ Սոչիի հայտարարության մեջ հենց սրա մասին է ասված։ Սա որոշակի հույս է տալիս, որ սահմանին լարվածությունը կնվազի։ Թեեւ ոչ ոք որեւէ երաշխիք չի տալիս, որ դա հաստատ կլինի։
Հայաստանի եւ Ադրբեջանի համար ավելի ընդունելի է հնարավոր պայմանագրի ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան տարբերակը։
Դա կախված է ընտրությունից: Ադրբեջանի համար կարեւոր է հստակեցնել սահմանը եւ հստակեցնել Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը տարածքային ամբողջականության շրջանակներում։
Հայաստանի համար ընտրությունն ավելի բարդ է։ Դա նաեւ քաղաքակրթական ընտրության հարց է։ Ի՞նչ ընտրություն կկատարի Հայաստանը։ Կընտրի Արեւմուտքի՞ կողմը, թե՞ այնուամենայնիվ կնախընտրի մնալ Ռուսաստանի հետ սերտ դաշինքի մեջ։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտության պայմաններում եւ մեկը, եւ մյուսը համատեղել դժվար է։
Իրատեսակա՞ն է արդյոք ակնկալել պայմանագրի ստորագրում մինչեւ տարեվերջ։
Հայտնի է, որ դա պնդում են արեւմտյան միջնորդները։ Բայց դա միանգամայն անիրատեսական է եւ արկածախնդիր մոտեցում է, երբ պետք է մինչեւ որոշակի ժամկետ ինչ-որ բանի հասնել:
Արցախից հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ ռազմական եւ քաղաքական մեխանիզմներ են անհրաժեշտ, եւ որ առանց Ռուսաստանի Արցախն իր գոյությունը չի պատկերացնում։ Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում։
Ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հիմնական խնդիրը անվտանգության հատուկ գոտու նշված չլինելն է։ Ղարաբաղում սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, իսկ Հայաստանում սահմանի գծանշված չլինելը։ Սա թույլ է տալիս Ադրբեջանին ռազմավարական կարեւոր դիրքերի կտորներ պոկելու քաղաքականություն վարել, ինչը որոշակի հանգամանք է ստեղծում խնդրի ապագա հնարավոր ռազմական լուծման համար։ Պետք է հստակ ամրագրել Ղարաբաղում սահմանազատման գիծը, հստակ ամրագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Ցանկալի է անվտանգության գոտի ստեղծել՝ զորքերի դուրսբերմամբ։ Սա թույլ կտար խուսափել պատահականություններից տարբեր տեսակի փոխհրաձգությունների եւ միջադեպերի դեպքում: Իսկ ինչպիսի՞ խաղաղապահ զորքեր ուղարկել այնտեղ։ Ռուսաստանի համար դժվար է առաջարկել միայն իր զորքերը. Ցանկալի է, որ դա լինի միջազգային առաքելություն, ավելի լավ է՝ ռազմական զորախմբեր։ Այդ դեպքում դա թույլ կտար ավելի խաղաղ իրավիճակում սահմանազատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, ապա այն քննարկվել է Սոչիում, սակայն դա վերաբերում է ցավոտ խնդիրներին, որոնք սուր արձագանք են առաջացնում։ Առայժմ գերադասել են չխոսել այն պայմանավորվածությունների մասին, որոնք, հնարավոր է, ձեռք են բերվել։ Բայց խոսքն այն մասին է, որ եթե նույնիսկ կապի ուղիները ապաշրջափակվեն, պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ։ Ռուսական դիրքորոշումը հենց այսպիսին է։





























