Փարիզում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` սեպտեմբերի 8-ին կայանալիք նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ներկայացնելու են Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին զեկույցը:
ԵԽԽվ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը, եւ դրանից առաջ Մոնիտորինգի հանձնաժողովում լսվելու է համազեկուցողների զեկույցը պարտավորությունների կատարման մասին:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր հերթին նշեց, որ Մոնիտորինգի նիստում շատ ընդհանուր անդրադարձ է կատարվելու խնդրին աշնանային նստաշրջանից առաջ: «Պատվիրակության մեր անդամները եւս ելույթ ունեն եւ իրենց տեսակետը կներկայացնեն: Ինձ համար մոտավորապես կանխատեսելի են այն շեշտադրումները, որոնք կլինեն այդ զեկույցում»,- նշեց Զոհրաբյանը եւ մանրամասնեց. «Քանի որ իրենց վերջին հայտարարությունները, չնայած որոշ մտահոգություններին, այդունահանդերձ պոզիտիվ են կատարվող բարեփոխումների եւ քաղաքական որոշ քայլերի վերաբերյալ, ակնկալում եմ, որ զեկույցը լինելու է շատ պոզիտիվ»:




























