Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտուրը Եվրամիության երկրների հետ 2022 թվականին էապես աճել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը։
«2021 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսվա արդյունքներով աճել է 24,5 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծումը՝ 40,8 տոկոսով։ Ընդհանուր առեւտրաշրջանառությունը 60 տոկոսով է աճել եւ կազմել 571 միլիոն դոլար»,-ասաց Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ գործընկերների հետ աշխատանք է տանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մասով։
«Մենք հիմա նախապատրաստում ենք այն միջավայրը, որտեղ կկարողանանք հատկացնել անհրաժեշտ գումարներ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։ Պետք է նշեմ, որ անցած ամիս Պրահայում տեղի ունեցած ԵՄ-Արեւելյան գործընկերներ գագաթնաժողովի ընթացքում եւս եվրոպացի գործընկերների հետ քննարկել ենք երկարաժամկետ դրամային ֆինանսավորման անհրաժեշտության հարցը։ Պայմանավորվել ենք, որ նոյեմբերին, կարծեմ, ՎԶԵԲ-ը պետք է հաստատի Կենտրոնական բանկի տանիքի տակ գտնվող գերմանական հիմնադրամի 70 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշումը։ Իրենց խոսքերով, վերջին ներդրումն է լինելու այդ խողովակով։ Հիմա շատ կարեւոր է ստեղծել նոր խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան նոր ֆինանսավորում ստանալ եվրոպական գործընկերներից, որը կուղղվի Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,-ասաց Քերոբյանը։





























