Թերթի տեղեկություններով, նոր ապօրինություններ են ի հայտ եկել Ճանապարհային ոստիկանության համակարգում: «Պարզվում է` ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի տեղակալի` Լեւոն Շիրմազանյանի հանձնարարականով, հատուկ անձինք գաղտնի լուսանկարել են ճանապարհային ոստիկաններին, երբ վերջիններս կաշառք են վերցրել վարորդներից: 

Այնուհետեւ այդ ոստիկաններին Շիրմազանյանը հրավիրել է իր մոտ, ցույց տվել լուսանկարները եւ տեղեկացրել` իբր ոստիկանության 6-րդ վարչությունն է բացահայտել, ապա իբր գործը փակելու համար նրանցից որոշակի գումար է պահանջել: Օրերս համապատասխան գերատեսչության մասնագետները Լեւոն Շիրմազանյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գտել են կաշառք վերցնելու պահին արված ճանապարհային ոստիկանների լուսանկարները, ինչից հետո արդեն մի քանի օր է, ինչ նա աշխատանքի չի ներկայանում»,- գրում է «Ժամանակ»-ը: