Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցված քրեական գործը կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում` նախաքննություն անցկացնելու համար: Քրեական գործի մանրամասներն ի հայտ կգան նախաքննության արդյունքում, եւ դրանց վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը հաղորդագրություն-տեսանյութ էր տարածել, որում զինվորի հայրը պատմում է իր որդուն բանակում խոշտանգելու մասին, որի հետեւանքով զինվորը խելագարվել էր: