«Չենք լռելու» նախաձեռնությունը հանդիպում է խնդրում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կապված վերջին շրջանում բանակում կատարվող սպանությունների եւ այլ դժբախտ դեպքերի հետ:
«Հայկական բանակում վերջին շրջանում տեղի ունեցած եւ ջրի երես դուրս եկած դեպքերը ցնցեցին հասարակությունը եւ ակնհայտ դարձրին զինված ուժերում հասարակական վերահսկողության գործուն մոդելի ստեղծման անհրաժեշտությունը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է անխտիր բոլոր զորամասերում սահմանել մշտական սկզբունքով գործող հասարակական վերահսկողություն` կազմված զորամասի տեղակայման տարածաշրջանում բնակվող բարձր հեղինակություն վայելող մարդկանցից:
Նախօրեին «Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի անդամները խնդրել են ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանին` փոխանցել նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելու իրենց ցանկությունը:
«Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:




























