ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում որոշում կայացրեց, որով կրկնապատկեց միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները։

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2022թ–ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են ցույց տվել. «Դեռևս 2022 թ–ի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք 298 մեդալ, որից 103–ը`ոսկե, 69–ը`արծաթե և 126–ը` բրոնզե։ Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նաև մրցաշարեր են անցկացվում»,– ասաց Անդրեասյանը։

Նախարարը հավելեց, որ ամենաբարձր արդյունքը մինչ այդ գրանցվել էր 2019թ–ին, երբ հայաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերում 222 մեդալ էին նվաճել։

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է կրկնակի բարձրացնել աշխարհի և եվրոպայի առաջնություններում առաջինից երրորդ տեղերը գրաված մարզիկների, հավաքականների մարզիչների,  երկրոդ  մարզիչների և տվյալ մարզիկի մարզիչների, հաշմանդամությու ունեցող մրցանակակիր մարզիկների դրամական մրցանակների չափերը:

«Մասնավորապես՝ աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղ զբաղեցրած մարզիկները համապատասխանաբար 5, 3.5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ:

Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների մարզիչները 2.5, 1.75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան համապատասխանաբար 5, 3.5 և 2 մլն դրամ, իսկ եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան 6, 3.6 և 1,4 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը հավելեց, որ նախագծով առաջարկվում է 557.6 մլն դրամի բյուջետային  վերաբաշխում իրականացնել, բյուջեով նախատեսված է ևս 150 մլն դմար, որը կտրամադրվի 170 հոգու:

Աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ–ն առաջարկում է պարգևատրման համար նախատեսված 707 630 000 դրամ գումարը կրկնապատկել։

Կառավարության որոշմամբ այս տարեվերջին նախատեսված գումարից կրկնակի ավելի կվարձատրվեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներն ու հավաքական թիմերի երկրորդ մարզիչները։