Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադդիլջեւազի քայմաքամի ջանքերով ստեղծվել է շարժական լողավազան, որը տեղադրվել է Վանա լճում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ադիլջեւազի քայմաքամ Ահմեդ Դիլսիզը հայտնել է, թե շարժական լողավազանը մեծ կարեւորություն է ներկայացնում տուրիզմի զարգացման տեսանկյունից՝ շեշտելով, որ իրենց ստեղծածն առաջին օրինակն է տարածաշրջանում։ «Լողավազանի խորությունը 1 մետր 40 սմ-ից մինչեւ 1 մետր 60 սմ է։ Լողավազանը կարիք չունի հատուկ մաքրման, քանի որ այն մշտապես թարմացվում է Վանա լճի առողջարար ջրով։ Նախատեսված է, որ լողավազանի շուրջը լինեն հովանոցներ, պառկելատեղիներ եւ սրճարան»,-նշել է քայմաքամը՝ շեշտելով, թե Վանա լճի ամենամաքուր ափերը գտնվում են իրենց շրջանում։