Հոկտեմբերին բնակարանների գները Երեւանում բարձրացել են միջինը 12,9 տոկոսով՝ անցած տարվա հոկտեմբերի համեմատ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0,9 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դեկտեմբերի 16-ին ասել է Կադաստրի կոմիտեի փոխնախագահ Արման Պետրոսյանը։

Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերին մարզերում, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, աճը կազմել է 19,1 տոկոս։

«2022թ. անցած տասն ամիսներին անշարժ գույքի առքուվաճառքի 166 486 գործարք է եղել, ինչն անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 3,6 տոկոսով ավելի է։ Աճ է գրանցվել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։

Օտարման գործարքների բաժինը կազմել է 38,3, ժառանգությամբ կատարված գործարքներինը՝ 19,3, գրավով՝ 13 տոկոս։

2022թ. հունվար-հոկտեմբերին երկրում իրականացվել է օտարման 64 հազար գործարք, եւ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ցուցանիշն ավելացել է 5,1 տոկոսով։

Ժառանգության գծով գործարքների թիվը կազմել է 21 հազար, աճը՝ 7,2 տոկոս։

Երեւանում իրականացվել է ավելի քան 53 հազար գործարք։ Մարզերի շրջանում ամենաակտիվը եղել է Կոտայքը՝ 29 հազար։ Պասիվ մարզեր են դարձել Վայոց ձորը՝ ընդամենը 2 տոկոս, եւ Սյունիքը՝ 3,9 տոկոս։ Սակայն երկու մարզերում գրանցվել է գործարքների թվի աճ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ»,- նշել է պաշտոնյան։