«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպությունը սեպտեմբերի 8-ին, հոդված է հրապարակել Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ` «Նավթը եւ ժողովրդավարությունը ադրբեջանա-բրիտանական հարաբերություններում. սոցիոլոգիական հարցման վերլուծություն» վերտառությամբ:

Հասարակության մեջ իրականացված հարցումների հիման վրա հոդվածում քննարկվում են երկու պետությունների հարաբերությունները` տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության քողի ներքո:

Հոդվածում նշված է, որ ադրբեջանա-բրիտանական «հատուկ հարաբերություններում»  հատկապես մեծ կարեւորություն է տրվում նրանց միջեւ գործարարական կապերի ընդլայնմանը, մասնավորապես British Petroleum  եւ Shell  ներդրումային ընկերությունների հետ: Միաժամանակ խոսք է գնում այն մասին, որ Ադրբեջանը շարունակ սպառնում է վերսկսել պատերազմը Հայաստանի դեմ, իսկ այդ հարցում Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի իր լծակները` Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կանխելու համար:

«Քաղաքական զարգացման եգիպտական ուղին ընտրած Ադրբեջանը բռնապետական հակումներ է ցուցաբերում, որը մեծապես քննադատվել է միջազգային հանրության կողմից: Ավելին, Ադրբեջանում տարվող պատերազմական քարոզչության եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի ավելացման պայմաններում  ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը խիստ մեծ է:

Լեռնային Ղարաբաղը հայկական հող է, որը 1921 թ. Ստալինը միակցել է Ադրբեջանին: 1991 թ. Լեռնային Ղարաբաղում հայերի ինքնորոշման պահանջին Ադրբեջանը պատասխանեց հայերի մասսայական ջարդերով եւ ռազմական ագրեսիայով: Լարվածությունը հանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի: Այսօր` Բիշքեքի համաձայնությունից 17 տարի անց, Ադրբեջանը բացահայտ ձեւով հայտարարում է, որ պատրաստվում է ներխուժել եւ հսկայական գումարներ է ծախսում այդ արշավի իրականացման համար: Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ իր ռազմականացման գործընթացը բացատրում է «հաջողված ռազմական դիվանագիտություն» տարօրինակ տերմինով»,-նշված է հոդվածում:

Նման պայմաններում Ադրբեջանը չի կարող հուսալի գործընկեր լինել Մեծ Բրիտանիայի համար:

Սոցիոլոգիական այն հարցմանը, թե բրիտանա-ադրբեջանական հարաբերությունների առումով «Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնի», հարցվածների 71 տոկոսը նշել է, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի Ադրբեջանում ժողովրդավարության  եւ մարդու իրավունքների, 42 տոկոսը` խաղաղության եւ կայունության պահպանմանը, իսկ 29 տոկոսը` արտաքին քաղաքականության խնդիրներին:

«Ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պահպանումը խաղաղության եւ կայունության երաշխիքն է»,-եզրափակում է հոդվածը: