Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշեց 2022-ի բյուջեով ԿԳՄՍՆ-ի հատկացված միջոցներից իրականացնել վերաբաշխում 974 մլն 720 հազար դրամի չափով, որպեսզի  իրականացվեն կապիտալ ծրագրեր մի շարք կրթական եւ մշակութային հաստատություններում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ծրագրերը կարելի է դասակարգել երեք խմբի. «Մի խումբ հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքներն անելու համար, և այստեղ ունենք երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը, և այս փուլով առաջարկում ենք նախագծանախահաշվային փաստաղթերի մշակում իրականացնել:

Շինարարական աշխատանքները ծախսերի 2-րդ բլոկն են և վերաբերում են 4 մշակութային հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, որոնք էապես կփոխեն այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտան նաև, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների:

3-րդ բլոկը վերաբերում է 6 կրթական հաստատությունների և 3 մշակութային հաստատությունների գույքով ապահովման ծրագրերին: Այստեղ կրթական հաստատություններն այն հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները, և ներկայումս գույքով ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- ասաց նախարարը:

Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն թվարկեց, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը եւ որ հաստատություններում են դրանք իրականացվելու: