Ձկնատնտեսություններում գրանցված անկման դեպքերը Հայաստանի Սննդամթերքների անվտանգության տեսչության ուշադրության կենտրոնում են։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ կատարվել են համապատասխան հետազոտություններ։ Ընդ որում՝ ինքն անձամբ է այցելել մի քանի տնտեսություններ։

«Չարժե տագնապել։ Մենք գիտենք, թե ինչ հիվանդության պատճառով են ձկներն սկսել զանգվածաբար սատկել։ Մեր հայտնաբերած հիվանդությունը բացարձակապես անվտանգ է մարդու համար։ Մենք վերահսկողություն ենք իրականացնում։ Այո, ձկների զանգվածային կորուստ է տեղի ունեցել, բայց այժմ այդ ցուցանիշները նվազում են»,- ասել է Ավետիսյանը։

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է նաեւ, որ ձկնաբուծությունն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Իրականացվել են մոտ 85 ստուգում, մոնիթորինգ եւ լաբորատոր հետազոտություններ»,- հավաստիացրել է պաշտոնյան։