Հայ-թուրքական հարաբերություններում տիրող իրավիճակը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհերի ու գերմանացիների, կամ ուկրաինացիների ու լեհերի, կամ Իսրայելի ու գերմանացիների միջեւ տեղ գտած համանման ազդանշանը։ Այս մասին հայտարարել է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ Ըստ նրա, դրանք շատ ծանր, հիվանդագին բաներ են, այստեղ, իհարկե, հարկավոր է արժանին մատուցել ղեկավարների իմաստնությանը՝ այ հենց սրանով նրանք կարող են մտնել պատմության մեջ, իրապես։

«Նրանք կմտնեն պատմական այնպիսի ցավի, ողբերգության հանգուցալուծման ձգտմամբ, ճիշտ խոսքեր գտնելու ունակությամբ, եւ որպես դրա հետեւանք, կանցնեն այն բանին, որպեսզի այդ ժողովուրդները՝ հիշելով, անկասկած, այդ ողբերգության մասին, հայ ժողովուրդը՝ կարողանա հասկանալ ու ճանաչել, թուրք ժողովուրդը՝ այն հրեշավոր ջարդը, որը եղել է 1915 թվականին, ես կարծում եմ, որ դա ղեկավարների մեծ քաջության վկայությունն է։ Որովհետեւ իրականում այդ ղեկավարները գնում են իրենց հասարակական կարծիքի դեմ, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանում։ Դա հարկավոր է հասկանալ»,- նշել է նա՝ հավելելով, որ հենց դրանում է կայանում «պատմական առաքելությունը»։

«Կարծում եմ, որ Էրդողանը ներքուստ հասկանում է դա, չնայած այն բանին, որ հասարակական կարծիքը հիմնականում բացասաբար է վերաբերվում նման շարժումներին, որովհետեւ դրա համար պահանջվում է ճանաչում, իսկ հետո ներողություն… ոչ փոխհատուցում, այդ ամենը դատարկ բան է, թոզ. սկզբում ճանաչում եւ ներողություն։ Թուրքիայի հասարակական կարծիքը դեմ է, եւ հայկական հասարակական կարծիքը իր ղեկավարներից պահանջում է սկզբում հասնել ճանաչման ու ներողության, եւ հետո միայն շարժվել առաջ։ Իսկ քաղաքական գործիչները գնում են իրենց հասարակական կարծիքի առջեւից։ Դա շատ կարեւոր է՝ առաջ անցնել հասարակական կարծիքից, չվախենալ։ Հենց դրանով է պատմական անձը, ըստ իս, տարբերվում քաղաքական գործչից։ Չերչիլն էր ասում, եւ ես նրա հետեւից կրկնում եմ, որ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պատմական անձը՝ պատմության մեջ իր տեղի»,- նշել է նա։

Այն հարցին, թե կլինե՞ն արդյոք ներողություններ, Վենեդիկտովը նշել է. «Չգիտեմ։ Չեմ կարծում։ Պատրաստ չեմ ասել, սակայն կարծում եմ, որ հիմա, այս տարի, չեն լինի»։ Ըստ նրա, սկզբում պետք է լինի Ցեղասպանության ճանաչում, իսկ հետո՝ ներողություն"։