Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների աճը, միջուկային հավակնությունների աճը եւ այլ սադրիչ գործողությունները «լուրջ սպառնալիք» են, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր սխալ հաշվարկի եւ ավելի լայն կոնֆլիկտ առաջացնել: Այս մասին AP-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը։
«Պատմության մեջ բազմիցս եղել են դեպքեր, թե ինչպես են սխալ հաշվարկները հանգեցրել լուրջ պատերազմների»,-նշել է նա՝ հավելելով, որ Հյուսիսի միջուկային զինանոցն ուղղակի սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի եւ հարեւան Ճապոնիայի համար:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի անօրինական սադրանքները կարող են հանգեցնել միայն անվտանգության ոլորտում արձագանքման ներուժի ուժեղացմանը եւ Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդմանը:
Խոսելով ԱՄՆ-ի հետ համատեղ պլանավորման քննարկումների մասին՝ նա նշել է, որ առաջարկվող ծրագրերը ներառում են «կաբինետային վարժանքներ, համակարգչային մոդելավորում եւ վարժանքներ միջուկային զենքի մատակարարման միջոցներով»։
«Ընթանում է այսպես կոչված համատեղ պլանավորման եւ կատարման քննարկում, եւ ես կարծում եմ, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համար ճիշտ է համագործակցել, քանի որ մենք երկուսս էլ միջուկային սպառնալիքի ենք ենթարկվում Հյուսիսային Կորեայի կողմից»,-նշել է Հարավային Կորեայի նախագահը ՝ չհրապարակելով մանրամասները:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Լի Չոն Սուպը հայտարարել է, որ հարավկորեացի եւ ամերիկացի զինվորականները ծրագրում են հաջորդ ամիս հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնել։




























