«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-10-ին մասնակցել է «Արեւելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին։ Միջազգային այս հավաքը նոր դարաշրջանում աշխարհի ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ էթիկական մարտահրավերները քննարկելու առաքելություն ուներ, որին ներկա են եղել եվրոպական երկրների նախագահներ ու նախարարներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, գիտնականներ ու լրագրողներ:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակներում, ի թիվս թուրքական, ադրբեջանական եւ սլովակ մասնակիցների, Հովհաննիսյանն արծարծել է Լեռնային Ղարաբաղի անկախության ու տարածաշրջանային անվտանգության թեման։ Նա իր դիտարկումները ներկայացրել է նաեւ մարդկության դեմ հանցագործությունների, եվրոպական մայրցամաքում միջպետական հաշտեցման, ԱՊՀ ապագային նվիրված մասնագիտացված հանձնախմբերի քննարկումների ընթացքում։Համաժողովում Հայաստանն ակտիվորեն ներկայացրել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանը եւ Արտակ Դավթյանը, Սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Բիզնեսի ու զարգացման կովկասյան ցանցից Արտյուշ Մկրտչյանը եւ Եվրոպայում հայկական միավորումների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը։Համաժողովի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրույց է ունեցել եվրոպական երկրների մի շարք պետական գործիչների ու մասնագետների հետ, իսկ «Նովիյ Սաչում» հանդիպել Երիտասարդ առաջնորդների վեցերորդ տնտեսական համաժողովի շուրջ 200 մասնակիցների։

Մինչեւ Հայաստան վերադառնալը Հովհաննիսյանն այցելել է Կրակով եւ տեղի շաբաթօրյա հայկական դպրոցում հանդիպել համայնքի ակտիվիստներին, ուսուցիչներին ու աշակերտներին։ Քաղաքում տեղակայված հայկական խաչքարի առջեւ նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության եւ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին։