ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

«Նրա ինքնազգացողությունը վատ է, ինչի համար էլ դիմել ենք, որպեսզի նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով անցնում են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ կալանքի տակ է նաեւ Դավիթ Տոնոյանը, իսկ Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։