Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը եւ Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման շուրջ։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարեւորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

«Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով օրեցօր Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: