Ղազախստանի խորհրդարանը ուրբաթ՝ հունվարի 13-ին, երկու պալատների համատեղ նիստում ընդունել է օրենք «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ ելբասիի մասին» սահմանադրական օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին»։

«Սենատից մասնակցում է 44 պատգամավոր, «կողմ»՝ 44 պատգամավոր, մաժիլիսից՝ 93 պատգամավոր, «կողմ»՝ 93 պատգամավոր։ Որոշումն ընդունված է»,- քվեարկությունն ամփոփել է մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովը։

Ստորին պալատի՝ մաժիլիսի պատգամավորներից մեկը՝ Երլան Սայիրովը, հայտարարել է, որ Ղազախստանի համար դեմոկրատական գծի եւ բազմակարծության շարունակման առումով կարեւոր է հանել ցանկացած մեխանիզմ, որոնք կարող էին թույլ տալ մեկ մարդու կողմից իշխանության յուրացումը։ Նա հիշեցրել է, որ խորհրդարանի որոշումը նախապես քննարկվել է Սահմանադրական դատարանում։

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը զրկվել էր պատվավոր սենատորի կոչումից՝ այն բանից հետո, երբ երկրի բնակիչների մեծ մասը քվեարկել էր քաղաքական գործչի արտոնությունների դեմ։