ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հավանություն է տվել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը պատկանող, նրա կողմից վերահսկվող կամ նրա ազդեցության տակ գտնվող կազմակերպություններին ռազմավարական պահեստից (SPR) նավթի վաճառքն արգելող օրինագծին:
Այս որոշմանը կողմ է արտահայտվել Ներկայացուցիչների պալատի 331 անդամ, դեմ՝ 97-ը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Անցյալ տարի SPR-ից մոտ 1 մլն բարել նավթ է ստացել Unipec America-ն՝ չինական Sinopec պետական նավթային ընկերության «դուստրը», ինչը սուր քննադատություն էր առաջացրել հանրապետականների մոտ, հայտնում է S&P Global-ը։
«Ներկայումս Չինաստանը, հավանաբար, ունի պետության կողմից վերահսկվող նավթի ամենամեծ պաշարներն աշխարհում, որոնք կազմում են գրեթե 1 միլիարդ բարել՝ ամերիկացի հարկատուների եւ մեր էներգետիկ անվտանգության հաշվին: ԱՄՆ-ի SPR-ը նախատեսված է էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակ իրական խափանումների համար, որոնք, օրինակ, առաջանում են փոթորիկների եւ բնական աղետների հետեւանքով, այլ ոչ թե Չինաստանի օգնության համար», - ասել է Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Քեթի Մակմորիս Ռոջերսը:
Հանրապետականները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրում են նավթի ռազմավարական պահեստները քաղաքական դրդապատճառներով սպառելու մեջ՝ մի քանի ամսվա ընթացքում SPR-ից 180 միլիոն բարելի աննախադեպ վաճառքից հետո՝ Ուկրաինայում իրավիճակի եւ հակառուսական պատժամիջոցների հետեւանքով առաջացած էներգակիրների գնաճի դեմ պայքարելու համար։
Այժմ Չինաստանին նավթի վաճառքն արգելող օրինագիծը պետք է քննարկի ու հաստատի Սենատը։ Միաժամանակ, վերլուծաբանները կասկածում են, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը կաջակցի այս նախաձեռնությանը։





























